Ես կողմ եմ պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտին․ ՍԴ դատավորի թեկնածու (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ն մայիսի 29-ի նիստում քննարկում է ՍԴ-ի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։
ՀՀ Սահմանադրական դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը կողմ է Հայաստանում պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտին: Նա կարծում է, որ դա հարաբերական ազատություն է: Վաղարշյանը նման տեսակետ հայտնեց՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:
«Ես կողմ եմ պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտին: Այդ ինստիտուտն ունի իր պատմությունը, որն եկել է Անգլիայից: Պետք չէ վերացնել ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը՝ նրա համար, որ ձեռնարկատերերը չփորձեն դառանալ պատգամավոր, այլ պետք է տարանջատել պետությունը, պետական, հանրային իշխանությունը, ծառայությունն ու բիզնեսը»,-ասաց թեկնածուն:
Նրա կարծիքով՝ պատգամավորի անձեռնմխելության վերացումը շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ: Կարծում է, որ դա հարաբերական անձեռնմխելիություն է:
Աղազարյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպես է գնահատում դատական համակարգը:
Վաղարշյանը նշեց՝ ենթադրում է, որ այս իշխանության պայմաններում մարդիկ չեն աշխատում հին ոճով։ «Մարդիկ աշխատում են այնպես, ինչպիսին է հասարակական, քաղաքական մթնոլորտն այդ երկրում»,-եզրափակեց նա: