Բնակիչները ճանապարհ են փակել, որ փակվի կարկուտի ճանապարհը
ОбществоՕհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները այսօր փակել են Աշտարակ-Ապարան-Վանաձոր ճանապարհը։ Նրանք պահանջում են հակակարկտային կայաններ հատկացնել։ Բողոքող քաղաքացիները դիմել են ԱԻ նախարարին, վարչապետին, մարզպետին, Հիդրոպետի ղեկավարին, սակայն պատասխան չեն ստացել:
Նշենք, որ ճանապարհ փակած քաղաքացիների հետ հանդիպման են գնացել արտակարգ իրավիճակների փոխանախարարը, Արագածոտնի մարզպետը, փոխվարզպետը, պատգամավորներ։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Օհանավանի համայնքապետ Էդգար Հայրապետյանն ասաց, որ ճանապարհն արդեն բաց է, բողոքող քաղաքացիների և պատկան մարմինների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել․ «Ասացին, որ մինչև չորեքշաբթի ամեն բան պարզ կլինի։ Վստահեցրին, որ հաստատ հրթիռային կայանների լիցքավորումը կլինի, բայց չորեքշաբթի օրը կասեն ժամկետների մասին՝ երբ և որքան են բերելու։ Անցած տարվանից փոքր-ինչ մնացել է, սակայն այդքանը չի բավականացնի այս սեզոնի համար»,- ասաց համայնքապետը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների կրած վնասներն այս պահին այնքան էլ շատ չեն, սակայն պետք է պատրաստ լինել հնարավոր անբարենպաստ եղանակային պայմաններին։
Նշենք նաև, որ ԱԻՆ ներկայացուցիչը բողոքի ակցիայի մասնակիցներին հավաստիացրել է, որ հակակարկտային հրթիռների խնդիրը կլուծվի. «Եթե մինչև չորեքշաբթի չլուծվի, նորից ճանապարհը կփակեք»,- ասել է նա:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ քաղաքացիներին հավաստիացրել է, որ խնդրին տեղյակ են և փորձում են հարցին լուծում տալ, սակայն ինքն «Աստված չէ, որ ասի՝ հենց հիմա հրթիռները բերեք, ու բերեն»։