Ե՛վ ճնշումների, և՛ կոռուպցիայի մասին պետք է խոսել միայն փաստերով․ իրավաբան
ИнтервьюԵրեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Քննարկման առարկա է դարձել այն, որ Ազգային ժողովի մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց մի քանի թեկնածուների՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Որոշ գործիչների խոսքով՝ այս ամենը ճնշում է դատական համակարգի վրա, նրանց պնդմամբ, նախագահը օրենքի խախտումով է երկրորդ անգամ առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց փաստաբան Արմեն Աբովյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ իր տեղեկություններով՝ չկա որևէ օրենք, որով արգելվում է նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրել։ Իրավաբանի խոսքով, սակայն, պետք է հաշվի առնվեին նաև նախորդ թեկնածուների մասնագիտական հմտությունները, և որոշումները լինեն ապաքաղաքական։
«Ես անձամբ չեմ ճանաչում Վահե Գրիգորյանին, որքանով գիտեմ՝ շատ խելացի է և լավ մասնագետ, տիրապետում է իր գործին, որքանով հետևել եմ իր ելույթներին, գործունեությանը լավ կարծիք եմ ձևավորել՝ նորմալ մասնագետ է, լավ անձնավորություն, քաղաքական տեսանկյունից ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց իրավաբանը։
Նա շեշտեց նաև, որ անձամբ չի ճանաչում մյուս թեկնածուներին և չի հետևել նրանց ելույթներին, հարց-պատասխան փուլին։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք դատարանների վրա կա ճնշում, իրավաբանն ասաց, որ քննադատում է երկու տեսակետներն էլ։ Առաջինը, երբ ասում են, որ կա ճնշում դատական համակարգի վրա՝ պետք է ներկայացնել փաստեր, թե որտեղ կա այդ ճնշումը։ Երկրորդը, երբ ասվում է, որ դատավորները կոռումպացված են՝ կրկին պետք է ներկայացնել փաստեր և դրանք չպրոյեկտել ամբողջ դատական համակարգի վրա։
Այն հարցին, թե արդյո՞ք դատարանների մուտքեր փակելը ճնշում չէ դատական համակարգի վրա, փաստաբանն ասաց․
«Իմ կարծիքով, դատարանի մուտքերը փակելու նպատակն այն էր, որպեսզի հետագայում դատավորների աշխատանքը լինի առավել անաչառ և արդյունավետ»։