Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ապրեն բարեկեցիկ ու պաշտպանված հայրենիքում. Արայիկ Հարությունյան
ԲլոգոսֆերաԱրցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
«Ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ իմ ջերմ և սրտանց շնորհավորանքներն եմ հղում մեր բոլոր փոքրիկներին:
Վերջին տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում ծնունդների թվի ավելացումը: Այս քաղաքականությունը, միանշանակ, պարտավոր ենք շարունակել, քանի որ յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է, մեր հուսալի և երաշխավորված ապագայի հիմքը:
Անցած տարիների ընթացքում մեծ ջանքեր են ուղղվել մեր երեխաների երջանիկ մանկության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելուն, բայց պետք է խոստովանենք, որ անելիքներ դեռ շատ կան: Եվ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ապրեն բարեկեցիկ ու պաշտպանված հայրենիքում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր փոքրիկներին այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»,- գրել է Հարությունյանը: