Ցեմենտի ներկրման բիզնեսով զբաղվողները Բաբկեն Թունյանի հետ հանդիպումից «ժպիտներով են հեռացել» (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր, Ազգային ժողովի դիմաց, ցեմենտի ներկրման բիզնեսով զբաղվող մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում` ընդդեմ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի` ցեմենտի ներկրման գների փոփոխության: Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում քննարկում ունեցավ նրանց հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց քննարկման արդյունքները: «Իմ տեղեկություններով, բողոքի ակցիան իրականացնողներն Իրանից Հայաստան ցեմենտ ներմուծողներ են և շինարարական ընկերությունները, որոնք զբաղվում են այդ ցեմենտի կիրառությամբ:
Նրանք ավելի շատ ժամկետի խնդիր ունեն. վեց ամիս ժամկետ էին խնդրում, բայց այդ ընթացքում տեղական արտադրողները կարող են սննկանալ, այդ նպատակահարմարությունը խիստ է ընդգծված: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրից 15 օր հետո»,- ասաց Բաբկեն Թունյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե հանդիպումից հետո ինչ տրամադրությամբ գնացին բողոքի ակցիա իրականացնողները, նրանք կարողացա՞ն որոշման մեջ ինչ-որ բան փոխել, թե՞ անհասկանալի հարցեր կային, որ իրենց դիրքորոշման մեջ ինչ-որ բան փոխեց, Թունյանը պատասխանեց. «Տրամադրությունն այնքան սուբյեկտիվ է. ժպիտներով գնացին: Մեր որոշման մեջ բան չփոխեցին, թվերի և հիմնավորումների հետ կապված որոշ մտահոգություններ ունեին, որոնք պարզաբանելուց հետո, կարծում եմ՝ լավատեսական եզրեր եղան»,-ասաց Բաբկեն Թունյանը: Ամփոփելով իր խոսքը, Թունյանը նշեց, որ չի կարծում, թե բողոքի ակցիան ուղղորդված էր:
Սիլվի Տիգրանյան