Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Արտաքին ՔաղաքականՀունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաեւ նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված որոշումների կատարմանը վերաբերող հարցեր, քննարկվել եւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հանձնաժողովի հայկական եւ ռուսական ազգային մասերի առանձին ոլորտների մասնագետների միջեւ անցկացվել են աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքաներին ներգրավված են եղել պաշտպանության նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներ:
Հունիսի 6-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում հայկական եւ ռուսական կողմերի համանախագահողները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 14-րդ նիստի Արձանագրությունը: