Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան այրելու դեպքով կասկածյալներ չկան. ՔԿ պետ
ПравоԱբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել, որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ որպես կասկածյալ ներգրավված անձ չկա։
«Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել, ճանաչվել է տուժող, հարցաքննվել է շուրջ 20 հոգի որպես վկա, նշանակվել է դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն։ Դեռ որպես կասկածյալ ներգրավված անձ չկա»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Աբովյանում երեկվա ընտրության հետ կապված քրգործ չկա հարուցված։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններ էին։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ հունիսի 8-ին, այրել էին ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը։ Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: