Պարտավորեցնել ներողություն խնդրել. Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին նիստը
RightՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին, ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:
Նշենք, որ հայցադիմումի պատճառը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: