Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում կորուստը կկազմի 30-31 մլրդ դրամ
EconomyՀարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցումն ու շահութահարկի նվազեցումը կհանգեցնեն պետբյուջեում որոշակի կորստի: Սակայն նախատեսված մի շարք միջոցառումների արդյունքում այդ կորուստն առնվազն կվերականգնվի: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եկամտահարկի համահարթեցման վերաբերյալ կազմակերպված աշխատանքային քննարկմանը վստահեցրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Քննարկման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերը փոփոխելով ֆիսկալ առումով որքան վնաս, թերակատարվող եկամուտներ են լինելու բյուջեում:
«Կորուստը գնահատված է ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Շուրջ 30-31 մլրդ դրամ կորուստ է գնահատվում եկամտային հարկի համահարթեցման արդյունքում և առավելագույնը 14-15 մլրդ դրամ կորուստ` շահութահարկ նվազեցման արդյունքում: Սակայն մենք գնահատել ենք, որ այլ ուղղություններով կատարվող փոփոխություններով շատ պահպանողական սցենարով այդ կորուստն առնվազն վերականգնվում է»,-վստահեցրեց Պողոսյանը:
Նա նշեց` նախատեսված են բազմաթիվ վարչարարական միջոցառումներ, այդ թվում հարկային համակարգերի փոփոխության` սկսած խաղային ոլորտն արդյունքով հարկելու առաջարկից, վերջացրած վիճակախաղերի տոմսերը հաշվառելուց: Փոխնախարարը հավաստիացրեց, որ նախագիծը ֆիսկալ առումով ռիսկեր չի ստեղծում:
Պողոսյանը նշեց, որ մոտ 45 մլրդ դրամ հաշվարկային կորուստն է, իսկ զուտ ազդեցությունը գնահատված է 16 մլրդ` 2018-ի բյուջեի համեմատությամբ: Նա շեշտեց, որ հետադարձ ուժով որոշակի բարելավումներ են կատարում, օրինակ` շրջանառության հարկի շեմի բարձրացում և այլն:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ: