Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, այն կտրամադրվի հանձնաժողովին. Տոնոյան
PoliticalՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը։ Այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում։
«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց՝ նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն»,-ասաց Տոնոյանը։
Նախարարը շեշտեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, դրանք նախարարությունում են ու կտրամադրվեն հանձնաժողովին։ Տոնոյանն ասաց, որ դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ, և տրամադրվելու է միայն հանձնաժողովին։