Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ժամը 15:15-ին:
Դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 14-ին անցկացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության դատական նիստը:
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: