«Այս խնամուն մյուսով փոխարինելով` սայլը տեղից չի շարժվի». փաստաբան
Право«ԲԴԽ անդամների իրար հետևից հրաժարականները հանգեցնելու են այլ կազմով Բարձրագույն դատական խորհուրդ ունենալու։ Թեև դրա անհրաժեշտությունն ի սկզբանե կար, բայց դա չի նշանակում, որ հաստատապես կունենանք սրանից ավելի լավ ԲԴԽ։ Ինձ համար ցանկալի կլիներ, որ գործընթացները թափանցիկ տեղի ունենային, ի վերջո հանրությունը հասկանար, թե սա ինչ պրոցես է։ Բոլորիս համար պարզ է, որ սա պատահականություն չէ և այնպես չէ, որ մեկ տարի սպասեցին և որոշեցին, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել ու սկսեցին հրաժարականները»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներին:
Նրա խոսքով՝ պարզ է, որ գործ ունենք ուղորդված գործընթացի հետ։ Հարցին՝ նկատի ունի` իշխանությա՞ն կողմից է ուղորդված, Վարոսյանը պատասխանեց․ «Մեր երկրում ամենահեշտն այս պահին իշխանության կողմից է ուղորդվում։ Ամեն դեպքում, ցանկացածս իրավունք ունենք մեր ենթադրություններն անել, քանի որ մեզ չի ներկայացվում, թե սա ինչ պրոցես է և ինչ նպատակով է արվում»,- նշեց նա։
Փաստաբանը նշեց՝ մինչև հրաժարականների շքերթը իշխանությունը նախևառաջ պետք է ներկայացներ իր տեսլականը, թե ինչպես են տեսնում ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության մեխանիզմը՝ մոտավորապես ինչ շրջանակ են իրենց համար նախանշել. «Միայն այս ամենն իմանալով կարելի է գնահատել իրավիճակը դրական կամ բացասական: Մի կարևոր հանգամանք էլ կա. եթե գործող ԲԴԽ անդամներից որևէ մեկը հրաժարական չտա, ապա կարելի է պնդել, որ նա լեզու է գտել այն ուժի հետ, որը մյուսներին «պարտադրեց» գնալ հրաժարականի: Հարց է առաջանում՝ օրինակ ինչո՞ւ Մեղրյանը հրաժարական տվեց, իսկ Հովհաննիսյանը՝ ոչ, ո՞րն է այն ուղղին, որի միջով անցավ Հայկ Հովհաննիսյանը և չանցավ Գևորգ Դանիելյանը»,- ասաց նա:
Վարոսյանը համեմատական անցկացնելով ներկայիս և նախորդ իշխանությունների միջև ԲԴԽ կազմը ձևավորելու հարցում՝ նշեց. «Առաջին անձը, որը պետք է հրաժարական տար, դա Հայկ Հովհաննիսյանն էր, սակայն մեծ կասկածներ ունեմ, որ նա մնալու է ԲԴԽ կազմում: Նրա մնալը այս ամբողջ գործընթացը կարժեզրկի, հատկապես որ վերջերս պարզ դարձավ, որ նա մտերիմ ընկերներ ունի նոր իշխանությունների շրջանում` ի դեմս քաղաքապետի: Եթե մեր երկրում փոխվել են ընդամենը ծանոթ-բարեկամները, բայց ծանոթ-բարեկամի սկզբունքը դեռ կենդանի է, նշանակում է, որ նախորդների հետ տարբերություն չկա: Տարբերությունը պետք է լինի որակական, թե չէ այս խնամուն մյուսով փոխարինելով` սայլը տեղից չի շարժվի»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հատարարությունից հետո, թե դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա, Բարձրագույն դատական խորհրդի արդեն 5-րդ անդամն է հրաժարական տալիս։ Նրանցից միայն երկուսը՝ Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանն, այսօր են հրաժարականի դիմում ներկայացրել։ Մյուսը երեքը՝ Արմեն Խաչատրյանը, Գևորգ Դանիելյանն ու Գագիկ Հարությունյանն էին:
Սոնա Հարությունյան