Ո՞ւմ էր վերաբերվում «գոտիները ձգելու» կոչը
AnalyticalՎերջին շրջանում իշխանությունները հաճախ են խոսում «գոտիները ձգելու», բյուջեից ծախսված յուրաքանչյուր լումայի համար հանրությանը հաշվետու լինելու անհրաժեշտության մասին: Սակայն պետական գնումների կայքին նետած մեկ հայացքն անգամ բավական է վերոնշյալ ծախսերի նպատակայնությունը և արդյունավետությունը լուրջ հարցականի տակ առնելու համար: Դատեք ինքներդ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 690 հազար դրամ է հատկացնում «Ատլանտ Էքստրա» ՍՊԸ-ից բազկաթոռ գնելու նպատակով, Լոռու մարզպետարանը մի քանի միլիոն դրամ է հատկացրել ԱՁ Արթուր Փահլևանյանից կես միլիոն դրամի գրասենյակային գույք գնելու նպատակով: ԱԺ աշխատակազմը «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ից 225 հազարի սուրճ է ձեռք բերել, «Արաս Ֆուդ» ՍՊԸ-ից՝ 47 հազարի թեյ գնել:
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Համաձայնեք՝ եթե ի սկզբանե չիմանայինք, թե որ մարմնի գնումներին ենք ծանոթանում, երբևէ չէինք կարող մտածել, որ գործ ունենք պետական մարմինների հետ: Իշխանություններն այնքան են ձգել գոտիները, որ 2019 թվականի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի չափով պակասուրդ է առաջացել, կառավարությունն էլ ԱԺ-ին 850 միլիոն դրամից ավելի գումար է ստիպված եղել հատկացնել պակասուրդը լրացնելու համար: Ինչպես երևում է՝ գոտիները ձգելու՝ իշխանությունների կոչը վերաբերվում է միայն շարքային քաղաքացիներին, իսկ իշխանությունները իրենց վերապահել են բյուջեի հաշվին ցոփ ու շվայտ ապրելու մենաշնորհը…