Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
ՔաղաքականՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասեկոսե է որակում այն տեղեկությունը, թե Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:
«Որ պահին մենք հստակ պաշտոնական պատասխան ստանանք, մենք չեն պատրաստվում դրանք պահել: Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավթյանը:
Հունիսի 18-ին Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը նշել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:
Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաև նշել էր, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: