Իշխանություններն ավելի արագ պատասխանում են ֆեյսբուքյան գրառումներին, քան նամակներին (լուսանկարներ)
SocietyԱյսօր Ազգային ժողովի դիմաց կրկին ակցիա են իրականացնում Ահազանգ Նախաձեռնության անդամները։ Ցուցարարները նստացույց էին իրականացնում։ Ակցիայի մասնակիցներին մոտեցել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ով ասել է, թե մասնագետ չէ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Բաղդասարյանը անտրամաբանական պնդումներ է արել։
«Արհեստական հակադրություններ արեց, թե իբր հարկվելու է միայն հարստությունը, և դա շատ լավ է։ Այո՛, շատ լավ է, որ հարստությունը հարկվում է, բայց դա առանձին օրենքով կարող էր անցնել, այս նախագծի հետ կապ չունի։ Անգամ պատգամավորներից շատերն իրենց խոսքը սկսում են այսպես՝ «Մենք գիտենք, որ պրոգրեսիվը արդար է»»:
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե որն է խմբի պահանջը, և արդյո՞ք այսօր նրանք հանդիպում են պահանջում որևէ պատգամավորի հետ։ Ակցիայի մասնակից Քրիստինեն ասաց, որ իրենց միակ պահանջն այն է, որ իմքայլական պատգամավորները փոխեն իրենց դիրքորոշումը և քվեարկության ժամանակ դեմ քվեարկեն, երբեք ուշ չէ սխալ ճանապարհից հետ կանգնելու համար։ «Մեր պահանջն այն է, որ նախագիծը օրենքի ուժ չստանա»,- ասաց նախաձեռնության անդամը։
Մեր հարցին, թե արդո՞ք խմբակցությունից որևէ պատասխան չեն ստացել, քանի որ նախորդ ակցիայի ժամանակ նրանք նամակ էին փոխանցել Լիլիթ Մակունցին, ակտիվիստը պատասխանեց. «Մենք խնդիր ունենք, այն առումով, որ իշխանություններն ավելի արագ են արձագանքում ֆեյսբուքյան գրառումներին, քան նամակներին։ Կառավարության հետ նույնպես նման դառը փորձ ունեցանք։ Երևի գործընթացները կավարտվեն և հետին թվով կստանանք պատասխան»։
Թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, ակցիայի մասնակիցն ասաց, որ իրենց քայլերն անմիջականորեն կախված են «իմ քայլը» խմբակցության պատգամավորների գործունեությունից։