4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում
SocietyՀունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների եւ աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական եւ գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձեւավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Նախատեսված են նաեւ հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նշենք, որ 2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա: