Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ
PoliticalՎաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ եւ ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:
Անդրադառնալով այս տարվա մայիսին Երեւանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նման ձեւաչափի եւ ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը եւ վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության, զբոսաշրջության եւ այլ ասպարեզներում, նաեւ նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաեւ թիրախային ծրագրերի իրականացման միջոցով:
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական եւ ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժեւորել է բարեփոխումների կայունության եւ արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման եւ համակարգման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք հարցերի շուրջ:
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: