Թբիլիսիում բախումների հետևանքով 14 ցուցարար է տուժել (լուսանկարներ, տեսանյութ)
GeorgiaՎրաստանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Ռուստավելիի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 14 ցուցարար և 38 իրավապահ է տուժել, հայտնում է Sputnik Georgia լրատվականը:
Արցունքաբեր գազի կիրառումից հետո քաղաքացիների մի մասը լքել է խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն նրանք հավաքվել են Ազատության հրապարակում։
Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։
Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, բողոքի ցույցը քաղաքական դրդապատճառներով է տեղի ունենում: Ներքին գործերի նախարար Գախարիան հայտարարել է, որ սա գրոհ է պետական ինստիտուտների վրա:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: