ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ-ների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը
ՔաղաքականՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները պետք է ընտրվեն մրցութային կարգով:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 91 կողմ, 5 ձեռնպահ ձայներով ԱԺ հունիսի 24-ի նիստում:
Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը: Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին: