«Թավշյա» քաղաքապետերի ունեցվածքը. վարչապետի հորդորն անպատասխա՞ն է մնացել
АналитическийՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ պաշտոնը ստանձնելը հաճախ էր դժգոհում նախկին իշխանությունների պաշտոնյաների հայտարարագրերում առկա բացթողումներից և անճշտություններից, պահանջում ավելի թափանցիկ աշխատել և որևէ լումա չթաքցնել հասարակությունից: Արդյո՞ք այդ պահանջները կատարում են հենց իր թիմակիցները, մասնավորապես, իշխանական ուժի ներկայացուցիչ քաղաքապետերը:
Դիցուք՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 100 000 ՀՀ դրամ է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Դիանա Գասպարյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 695 517 ՀՀ դրամ: Նա այդ եկամուտը ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, որոնք կազմել են 1 655 517 եւ 40 000 ՀՀ դրամ: Թե ինչպես է յոլա գնում քաղաքապետը՝ մնում է միայն կռահել…
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հայտարարագիրը ևս հետաքրքիր է: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն): Միքայելյանը հայտարարագրել է նաև TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ: Հայտարարագրել է նաև 25153000 ՀՀ դրամ բաժնետոմս: 2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 1 634 069 ՀՀ դրամ:
Ինչ վերաբերվում է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին, ապա վերջինիս հայտարարագիրը էլ ավելի զավեշտալի է: Քաղաքապետը չի հայտարարագրել և ոչ մի շարժական կամ անշարժ գույք, դրամական միջոցներն էլ կազմել են 4,000,000.00 դրամ: Մնում է ենթադրել, որ քաղաքապետն այնքան ջանասիրաբար է աշխատում հանուն հայրենիքի, որ անգամ քնում է քաղաքապետարանի շենքում:
Դատողությունները թողնում ենք ձեզ...