Կիևում ադրբեջանցու պատկանող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել (լուսանկարներ)
ԱյլՀունիսի 29-ին Կիևի Օբոլոնսկի թաղամասում գտնվող «Կասպիյ» կոչվող սրճարանում մի խումբ տղամարդկանց մասնակցությամբ կռիվ է եղել, որի ժամանակ զենք է կիրառվել։ Սրճարանի տերն ադրբեջանցի է: Այս մասին գրում է minval.az-ը։
Ականատեսների խոսքերով՝ երկու տղամարդու միջև վեճ է սկսվել պարահրապարակում, որի ընթացքում կովկասյան արտաքինով մի երիտասարդ դանակ է հանել: Ներկաները նրան հատակին են գցել ու հետո փողոց հանել, սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել: Տասնհինգ րոպե անց նա մեքենայով սրճարան է վերադարձել կովկասյան արտաքինով չորս ընկերոջ հետ:
Նրանք բոլորով ներս են մտել, ու կռիվն ավելի է թեժացել։ Կիրառվել են գազային բալոններ և զենք: Հարձակվողներից մեկն ատրճանակով կրակել է տղամարդու ոտքին, ինչից հետո նրանք սև Seat մակնիշի մեքենայով փախուստի են դիմել:
Ոստիկանությունը նրանց հայտնաբերել է դեպքից մի քանի ժամ անց և ոստիկանական բաժանմունք տեղափոխել: