Ինչո՞ւ Փաշինյանը չգտավ խոստացված «մեկ ժամը»
АналитическийՄինչ վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ երկրի ղեկը իրեն վերապահելու դեպքում ընդամենը մեկ ժամ կպահանջվի տնտեսական մենաշնորհը արմատախիլ անելու համար: Անցավ ժամանակ, Փաշինյանը ընտրվեց վարչապետ և մեկ ամիս էլ չէր անցել, երբ լսեցինք սպասված ավետիսը՝ մենաշնորհները Հայաստանում ջախջախիչ պարտություն են կրել: Անցած շաբաթ սակայն ՀՀ քաղաքացիներին էյֆորիան փոքր-ինչ կոտրվեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հայտարարությամբ, ով պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում որոշ շուկաներում առկա է 80-90 տոկոս մենաշնորհ:
Այսինքն ի՞նչ է ստացվում, կամ ՏՄՊՊՀ ղեկավարը ստում է՝ ինչը քիչ հավանական է, քանի որ վերջինս սպառնում է իր խոսքերը երեք ամիս անց ապացուցել թվերով, կամ էլ վարչապետ Փաշինյանը, մինչ երկրի ղեկը ստանձնելը և նույնիսկ դրանից հետո, զբաղվել է պարզ պոպուլիզմով: Այսպես, շաքարավազի, ցորենի բանանի ,կարագի, բուսական յուղի եւ ձվի մասով մոնոպոլիզացման խնդրով գործնական տեղաշարժ չկա: Այսինքն, ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում են առաջատար ընկերությունների այնպիսի դիրքեր, որոնք թույլ են տալիս, անգամ չցանկանալով, էական ազդեցություն թողնել շուկայի մյուս մասնակիցների վարքագծի վրա:
Ավելի կոնկրետ, խոշորներն ինչ գնային քաղաքականություն էլ որ վարեն, մյուս բոլորը պարզապես ստիպված, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել՝ ուրախությամբ, կհետեւեն նրանց: Իսկ պետությունը ոչինչ չի արել ստեղծելու համար այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար տնտեսվարողներին վարել արդար գնային քաղաքականություն: Մյուս կողմից, նոր իշխանությունների մոտ ակնհայտ միտում և ցանկություն է նկատվում հին մոնոպոլիստներին փոխարինել նորերով, ասել է թե՝ սեփական գրապանային «լֆիկներով» կամ «սաշիկներով» և անգամ եթե այս մեկ տարվա ընթացքում մոնոպոլիայի դեմ պայքարի եզակի դրվագներ են գրանցվել, ապա միայն «սուրբ տեղը դատարակ չթողնելու» և յուղոտ պատառը ձեռ գցելու նպատակով…