Ֆիզմաթ դպրոցում վկայականի համար գումարներ են հավաքվում․ ահազանգ
ՀասարակությունԼՈՒՐԵՐ․com ահազանգած քաղաքացին պնդում է, որ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում 9-րդ դասարանցիների վկայական գրելու համար յուրաքանչյուր երեխայից 1000-ական դրամ են պահանջում, ինչն առաջացրել է ծնողների դժգոհությունը։
Տեղեկությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ա․ Շահինյանի անվան ֆիզիկական մաթեմատիկայի դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի հետ։ Վերջինս նշեց, որ ինքը տեղյակ չէ և առաջին անգամ է լսում այդ մասին․ «Իմ կարգադրությունը եղել է այն, որ ո՛չ 9-րդ, ո՛չ 12-րդ դասարանի որևէ շրջանավարտից որևէ գումար չի կարելի վերցնել վկայական գրելու համար։ Փոխտնօրենին հանձնարարել եմ՝ 9-րդ դասարանի դասղեկները պարտավոր են գրելու, իսկ 12-ներինը գրելու համար պարգևավճար կստանան։ Ձեր ասած ինֆորմացիան ես առավոտյան կճշտեմ, բայց նաև կա այսպիսի մի բան, որ տարբեր առիթներով երբ ծնողներին ասում ես մի արեք, իրենք իրենց որոշում են։ Չնայած մեզ մոտ ոչ մարտի 8-ին, ոչ սեպտեմբերի 1-ին մի փունջ ծաղիկ անգամ չի բերվել դպրոց։ Սակայն ես ոչինչ չեմ կարող բացառել դրա համար ես վաղը կհետաքրքրվեմ»,- ասաց Նավասարդյանը։
Նա նշեց, որ լուրի իսկության հաստատվելու դեպքում բնականաբար խիստ ձևով կպատժի․ «Մենք ունենք 94 շրջանավարտ, մեզ համար այդ 100 հազար դրամը պրոբլեմ չէ։ Այսքան ժամանակ նման բան չի եղել, որ հասկանամ՝ ինչպես կպատժեմ, բայց եթե կա այդպիսի բան գումար հավաքողը կզրկվի հավելավճարից, կստանա նկատողություն և կկազմակերպվի գումարի վերադարձ»,- նշեց նա՝ խոստանալով տեղեկանալու դեպքում մեզ հայտնել այդ մասին։