Բա ո՞ւր են լինելու, Կոսմո՞ս են գնալու. Վահագն Վերմիշյանի խոստումները խնդրահարույց են
SocietyԱղետի գոտուց տուժած քաղաքացիներին բնակարանով ապահովելու առումով իշխանությունը որոշ քայլեր է արել, բայց չի կարելի ասել, որ դա բավարար է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը։
«Ես իշխանություններին մշտապես քննադատել եմ, սակայն դրականի մասին չարտահայտվել չեմ կարող։ Առաջին քայլը հանձնաժողովի ստեղծումն էր, ժամանակավոր կացարանների ու խնդիրների հաշվառումը։ 2 օր առաջ էլ Քաղաքաշինության կոմիտեն աղետի գոտու հաշվառման տվյալները ներկայացրեց կառավարությանը, վերջինս էլ նոր ծրագիր պետք է հայտարարի, հասկանա՝ ի՞նչ միջոցներ է ներդնում աղետի գոտում, քանի ընտանիքի կարող է շահառու ճանաչել, որ ընտանիքների հանդեպ կարող է պարտավորություն ստանձնել։ Սրանք դեռ հարցական են և բավականին երկար ժամանակ կխլեն։
Երկրորդ դրական քայլը՝ 2013թ․ շահառու ճանաչված 537 ընտանիքի 3 միլիարդ դրամի տրամադրելն է բնակարանի հարցը լուծելու համար, որը հիմնականում Լոռու մարզի գյուղերի անհատական բնակարականների կառուցման համար է տրամադրվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թեև աղետի գոտու համար 2 դրական քայլ է արվել, բայց դա բավարար չէ, քանի որ նախորդ իշխանությունների օրոք էլ էին ինչ-որ բաներ արվել։
Անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե 2020-ին չենք ունենա աղետի գոտուց տուժած և անօթևած մնացած ընտանիք, Թումասյանը նկատեց․ «Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը բացասական էֆեկտ ունեցան։ Նկատի ունեմ այն, որ ամբողջ մամուլը տարածեց, թե 2020 թ․ աղետի գոտում երկրաշարժից տուժած ոչ մի ընտանիք անօթևան չի մնալու, այդ խնդիրն առհավետ լուծվելու է և սկսեցին տարածել Քաղաքացիական պայմանագրի պլակատները։ Գրել էին՝ 2020թ․ Շիրակում և Գյումրիում ոչ մի անօթևան չի լինելու, բա ո՞ւր են լինելու, Կոսմո՞ս են գնալու։ Սա այն դեպքում, երբ այդ 3 միլիարդից Գյումրու ոչ մի անօթևանի բնակարանաշինության համար գումար չի տրամադրվելու։ Երբ Վերմիշյանը սկզբում խոսեց տնակներում ապրող 8000 ընտանիքների, ապա նաև 3 միլիարդ տրամադրելու մասին, տպավորություն է ստեղծվում, թե այդ գումարով այդքան ընտանիքի հարց է լուծվելու։ Հատկապես մեծ թյուրիմացությունն առաջացավ Վերմիշյանի կողմից «շահառու» տերմինը օգտագործելու պատճառով, քանի որ «շահառուն» նա է, որին, ըստ որոշման, արդեն տրամդրվելու է բնակարան»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ խոստումները PR-ի համար չեն արվել:
Ըստ նրա՝ սխալ, անհասկանալի ու վտանգավոր քարոզչություն տարվեց, որը ստվերեց վերը նշած 2 կարևոր քայլերը։
Թումասյանին դուր չի եկել նաև Վերմիշյանի հայտարարությունը, թե պետությունը ոչ ոքի ոչինչ պարք չէ․ «Ո՞նց թե պարտք չէ, պետությունն ինչքան գոյատևում է՝ իր քաղաքացուն պարտք է»,- նշեց նա։