Մանվել Գրիգորյանը դժվարությամբ է ճանաչում դեպքերն ու դեմքերը. պաշտպան (տեսանյութ)
Political«Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը խոշտանգում է և հաշվեհարդար»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Լևոն Բարսեղյանը։ Թե ինչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը, Բարսեղյանը հրաժարվեց ասել, սակայն փաստաբանը լեզվի սայթաքումով ասաց, որ Գրիգորյանը դժվարությամբ է տարբերում դեմքերն ու դեպքերը։
Պաշտպանը նշեց, որ կալանքի պատճառով Գրիգորյանը դարձավ անդամալույծ։ «Բժշկական կոնսիլյումը հաստատել է, որ անհրաժեշտ է Գրիգորյանին 24 ժամյա ռեժիմով արհեստական շնչառության սարքավորումներ միացվեն։ Մտածելով, որ միգուցե նրա վիճակն այդքան էլ վատ չէ, այսպես ասած, հոսանքահարում են Գրիգորյանի ոտքերը և հասկանում են, որ 70-90%-ով չի զգում։ Դրանից հետո բժշկական կոնսիլյումը ցույց է տվել, որ նրա վիճակը գնալով վատթարանում է»,- ասաց փաստաբանը։
Այն դիտարկմանը, թե դատարանը պնդում է, որ եթե Մանվել Գրիգորյանն այդքան վատ վիճակում լիներ, չէր գա դատարան, փաստաբանն ասաց, որ Գրիգորյանն իր կամքով է ներկայացել դատարան։ Բարսեղյանը հավելեց նաև, որ երեկ դիմել են ՄԻԵԴ և այդ ամենի գնահատականը կտա ՄԻԵԴ-ը։ Բանախոսը նշեց, որ ակնհայտորեն տեսնում է հաշվեհարդարի տիպիկ օրինակ և խոշտանգում։ «Ամեն ինչ անցնելու է, բայց գնահատականներ տրվելու են»,- եզրափակեց փաստաբանը։