Հիշեք՝ ում եք գնդակահարել դուք, ում ենք գնդակահարել մենք. ՀԱԿ և ՀՅԴ անդամները վիճեցին
ՔաղաքականՍահմանադրության օրվան նվիրված «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» խորագրով համաժողովին մասնակցում էին գիտական, քաղաքական, հասարակական, պետական ոլորտի լայն շրջանակներ, որոնք հանդես եկան ելույթներով։
Բանախոսներից ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում հանդես եկավ առաջարկությամբ, այն է՝ վերադառնալ 1995-ի սահմանադրության մեջ ամրագրված կառավարման ձևին, ինչին իր ելույթում անդրադառնալով չհամաձայնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։ Վերջինս նշեց, որ հնարավոր սահմանադրական փոփոխություններով 1995 թվականին վերադառնալը վտանգավոր է համարում․ «Սա մեծ հաշվով իշխանության ապագա ծրագիրն է, ինչի հետևանքով իմ խորին համոզմամբ՝ մենք հետ ենք գնում և կորցնում զարգացման իրական հնարավորությունները։ Շատ կարևոր է քննարկել՝ սահմանադրական ո՞ր նորմերով կարելի է հասնել արարող Հայաստանի ձևավորման համակարգին։ Բայց նաև չպետք է թողնենք այն հատվածը, որը մեզ վերադարձնում է այն ժամանակահատվածին, երբ սուլթանիզմի տարրեր էին նկատվում»,- ասաց նա։
Ելույթներից հետո բանավեճ ծագեց տեսակետները չկիսող գործիչների միջև։ Զուրաբյանը՝ նկատի ունենալով ՀՅԴ-ին, զավեշտալի որակեց այն, որ ահաբեկչությունն իր ներքին քաղաքական հարցերում մեթոդոլոգիա որդեգրած կուսակցությունը խոսում է ժողովրդավարությունից ու սահմանադրականությունից։
Դահլիճում գտնվող ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը միջամտեց բանավեճին՝ քաղաքական ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրելով հենց նրանց իշխանությանը․ «Դուք ահաբեկչություն եք արել նախարարների մակարդակով: Հիշեք՝ ում եք գնդակահարել դուք, ում ենք գնդակահարել մենք: Մեր հանցագործությունները եղել են թուրքերի դեմ, իսկ ձերը՝ հայերի»,- ասաց նա:
«Դուք հենց հայերի դեմ եք արել»,- դահլիճից դուրս գալով՝ ասաց Զուրաբյանը: