Եկել է դառը «պտուղները» քաղելու ժամանակը
AnalyticalՀուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանում քննարկվել է Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Այստեղ հայկական կողմի համար կան ակնհայտ խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես 19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Իհարկե, խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը պոստֆակտում փորձել է արձագանքել զեկույցի հեղինակներին՝ կոչ անելով փոխել բառապաշարը, սակայն, ինչպես և ստացվում էր, կառուցողական երկխոսություն չի ստացվել: Հիշեցնենք այստեղ մեր պատվիրակության ղեկավարն է Հայկ Կոնջորյանը` այն նույն Հակ Կոնջորյանը, ով ԱԺ-ում առյուծ էր կտրում Վահե Գրիգորյանին պաշտպանելիս, բայց միջազգային հարթակում «դուխի» ակնհայտ դեֆիցիտ է գրանցում:
Մի քանի օր առաջ կառուցողական երկխոսությունը ըստ ամենայնի ձախողվեց նաև ԵԽԽՎ-ում, որտեղ պատահական կոճակ սեղմելու սիրահար Ռուբեն Ռուբինյանի լուռ համաձայնությամբ մեր երկրին կոչ են արել պաշտպանել ԼԳՏԲ համայնքի անդամների շահերն ու իրավունքը: Դրանից ընդամենը օրեր առաջ էլ տեղի էր ունեցել հայտնի «թյուրիմացությունը», որից հետո Ռուբինյանը ստիպված եղավ ռուս պատվիրակների հետ մերձեցման երեկո կազմակերպել:
Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությանը և նրա ղեկավար Անդրանիկ Քոչարյանին, ապա այստեղ իրավիճակը էլ ավելի զավեշտալի է: Այս պատվիրակության համար իրենց աշխատանքը դեռևս ճանաչողական այցի շրջանակներից այն կողմ չի անցնում, այլ կերպ ասած` տուրիստի կարգավիճակով են մասնակցում նիստերին և իրենցից անչափ գոհ վերադառնում Մայր Հայրենիք՝ հայտարարելով, թե ճանաչողական այց էր, բուռն աշխատանք ծավալելու իմաստ չկար:
Եթե խորհրդարանական վեհաժողովներում մեր պատվիրակությունները մեկը մյուսի հետևից պռավալներ են գրանցում, ուրեմն եկել է վարչապետ Փաշինյանի խոստումը ի կատար ածելու ժամանակը, այն է՝ ոչ կոմպետենտ և արդյունք չտվող կադրերը պետք է հեռանան: Եթե մեր խորհրդարանական պատվիրակությունը մեկնում Է Մոսկվա և թռչում քննարկումներից` «տակից դուրս գալու» սուրբ գործը թողնելով մերժված ՀՀԿ փոխնախագահի ուսերին, ուրեմն մի բան այն չէ: Եթե հակահայկական բանաձևերին չենք կարողանում հակազդել և այնուհետև արդարանում ենք, որ դա Ադրբեջանի կողմից գնված բանաձևեր էր, ուրեմն մի բան այն չէ, որովհետև ազգային պատվիրակությունը հենց դրա համար է բյուջեից, հարկատուների գրպանից դուրս գրվող գումարներով մեկնում գործուղման, որպեսզի պաշտպանի մեր պետական շահը, մի բան, որը Նոր Հայաստանի երիտասարդ կադրերի համար դեռ բարդ առաջադրանք է: Չնայած մեղավոր են նաև այս երիտասարդներին նման բարձր ամբիոններ գործուղողները: ՀՀՇ-ական հայտնի «պոլի փեդ լինի, բայց ՀՀՇ-ից լինի» սկզբունքը տալիս է իր դառը «պտուղները»…