Տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը՝ կիսամյակում
Политические2019 թվականի 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 650,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4 միլիարդ դրամ։ Այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Կատարողականի առումով ունենք շուրջ 63 միլիարդ դրամի գերակատարում, իսկ հարաբերական առումով այն կազմում է 9,6 տոկոս»,- ասաց Անանյանը։
Նա նշեց, որ ներկայացված համամասնություններն ի սկզբանե ճշգրիտ սահմանված չեն եղել, որովհետև հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ ժամանակաշրջանը տարվա երկրորդ եռամսյակն է, քանզի տարվա երկրորդ եռամսյակում են ամփոփված ապրիլ և հունիս ամիսները։
«Ապրիլ ամիսը շահութահարկի և ռոյալթի տարեկան հաշվարկման ներկայացման ամիսն է, և այդ ժամանակ ունենում ենք մնացած ամիսների համեմատ ամենաբարձր հարկային եկամուտների ապահովման ցուցանիշ, իսկ հունիս ամսին գոյություն ունի շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման պարտականություն»,- նշեց Անանյանը։
Ըստ Անանյանի՝ քանի որ երկրորդ եռամսյակը ամենաարդյունավետ ամիսն է, և, հետևաբար, առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է դա հաշվի առնել։
Անանյանն ընդգծեց, որ տարվա համար ՊԵԿ-ի կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակում։