Երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ ենք սկսել. Դավիթ Անանյան
Society5 երգիչներ իրենց եկամուտների մասին տեղեկություններ են ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը։
Նա հրաժարվեց անուններ հնչեցնել՝ նշելով, որ որոշները դեռևս ներկայացման փուլում են։
Նրա խոսքով՝ երգիչներին վերջնաժամկետ էր տրվել ապրիլի 22-ը, և իրենք հունիս ամսից կոշտ գործողություններ են սկսել․ «Մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասաց Անանյանը:
Պարզաբանելով, թե ինչ նկատի ունի կոշտ միջոցներ ասելով՝ Անանյանը նշեց. «Երբ, օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին անվանական նամակ է գնում, և նրան առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրը իրականացնելու արդյունքում դուք որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող գործողությունն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: