Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ երաշխավորվել են հացադուլ հայտարարած անձի իրավունքները
ПравоՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ երաշխավորվել են հացադուլ հայտարարած անձի իրավունքները, այնուհետև հացադուլը դադարեցվել է: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Հունիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Գրիգորյանը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ ինքը հայտարարում է անժամկետ հացադուլ՝ ԱՀ Նախագահին ուղղված վեց հարցադրում-պահանջներով:
Իմ հանձնարարականով՝ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները անմիջապես այցելել են քաղաքացուն, ներկայացրել նրա իրավունքները և կապվել համապատասխան պետական մարմինների հետ՝ անձի իրավունքները երաշխավորելու նպատակով:
Գիշերը ստացված ահազանգի հիման վրա՝ ես անձամբ այցելել եմ հացադուլի վայր, որտեղ Կ. Գրիգորյանը պնդել է, որ ոստիկանության ծառայողները փորձել են ուժով հեռացնել իրեն այդ վայրից: Ես պարզաբանումներ եմ ստացել ոստիկանությունից և պահանջել զերծ մնալ հացադուլ հայտարարած անձի իրավունքների նկատմամբ անհամաչափ ու ոչ իրավաչափ միջամտություններից: Այնուհետև առանձնազրույց եմ ունեցել Կ. Գրիգորյանի հետ՝ քննարկելով նրան հուզող կոնկրետ խնդիրները և հավաստիացնելով, որ իմ լիազորությունների սահմաններում պատրաստ եմ միջոցներ ձեռնարկել տվյալ խնդիրների համապարփակ քննարկման ու վերացման ուղղությամբ:
Հունիսի 9-ի առավոտվանից Պաշտպանի աշխատակազմը շարունակել է հետևել հացադուլի ընթացքին՝ զուգահեռաբար բանակցություններ կազմակերպելով Կ. Գրիգորյանի և կառավարության ներկայացուցիչների միջև: Իմ միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել հացադուլ հայտարարած անձի և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ու աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի միջև: Հանդիպման ժամանակ քննարկվել են բարձրաձայնված հարցերը, կողմերը լսել են միմյանց պատկերացումներն ու դիրքորոշումները դրանց վերաբերյալ: Կառավարության անդամները ներկայացրել են վերաբերելի պետական ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել Կ. Գրիգորյանի կոնկրետ առաջարկներն ու խնդիրների լուծման հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ Կ. Գրիգորյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: