Հաշվեքննիչ պալատի պատասխանը՝ իրավաբանական վարչության պետի հայտարարություններին
RightՕրեր առաջ ԼՈՒՐԵՐ․com-ն անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանի հայտարարությանը, թե Լևոն Յոլյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է զբաղեցնում Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ներկայացրել էր Յոլյանի կողմից Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Սահմանադրության խախտմամբ զբաղեցնելու գրություններն ու Լևոն Յոլյանի և Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների նշանակման իրավական ակտերի օրինակները:
Մեր հրապարակմանն ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատից մեզ են ներկայացրել իրենց տեսակետը։ Այստեղ նշում են, որ տվյալ հայտարարությամբ Արամ Մամիկոնյանը փորձել է խեղաթյուրել փաստերը և նրա բերված փաստարկները որևէ աղերս չունեն ՀՀ օրենսդրության հետ։
«Նախևառաջ պետք է արձանագրել, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ սահմանադրության (2005 փոփոխություններով) 83,4 հոդվածով, ըստ որի՝ Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Այստեղ ամեն ինչ ասված է։ Սահմանադրությունը սպառիչ կերպով կարգավորել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցը՝ հստակ ամրագրելով վեց տարվա ժամկետ։ Հետևաբար, Ազգային ժողովը չունի իրավասություն իր որոշմամբ ամրագրելու Վերահսկիչ պալատի պաշտոնավարման այլ ժամկետ, ինչպես նաև չկա անհրաժեշտություն Ազգային ժողովի որոշմամբ կարգավորել մի բան, որն, ի սկզբանե, կարգավորված է Սահմանադրությամբ։ Սա պարզ իրավաբանություն է։ Ի դեպ, ինչպես Լևոն Յոլյանին նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը, այնպես էլ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին նշանակելու մասին մյուս երկու որոշումները տառացիորեն միևնույնն են։ Այնտեղ չկա որևէ ժամկետ, որովհետև ինչպես արդեն ասացի, այդ հարցը սահմանադրորեն է կարգավորված։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է, որ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների նշանակման ակտերում պաշտոնավարման ժամկետ կա, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի պարագայում՝ ոչ, ապա պետք է նշել, որ ի տարբերություն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի՝ մնացածների պաշտոնավարման ժամկետները չեն կարգավորվում սահմանադրորեն, կարգավորվում են օրենսդրական այլ ակտերով»,- ասվում է պարզաբանման մեջ։