ՀՀԿ-ին անիմաստ տեղը հերոս մի դարձրեք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ВидеоԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների հետ կապված հայաստանյան քննարկումներին.
«Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանի կարծիքով՝ հանձնաժողովի վերջին եզրակացության համատեքստում ՀՀԿ-ականները հերոսացվում են, ասվում է, թե նրանք «ինչ հզոր են և ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա»: «Դա ուղղակի աբսուրդ է: Պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ և որևէ մեկին չդարձնել անիմաստ հերոս, որ, իբր, ՀՀԿ-ականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցներն ազդեցություններից զերծ են»,- կարծում է Էդմոն Մարուքյանը: