«Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը
ՀասարակությունՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ ներկա դրությամբ հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ:
Փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում ու ծանոթացել աուտիզմ ունեցող երեխաների առօրյային: Վարչապետի տիկինն այցելել է նաև կենտրոնի նոր մասնաշենք, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի գործարկումից հետո, կենտրոնը հնարավորություն կունենա ավելի շատ թվով երեխաներ ընդունել: Շրջայցից հետո, Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել կենտրոնի աշխատակազմի և ծնողների հետ:
Հանդիպմանը ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու խնդիրները:Մասնավորապես նշվել է, որ կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման համար ֆինանսական դժվարություններ կան, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի շինարարության ավարտի համար անհրաժեշտ գումարի հարցում: