Այդ պատգամավորին լուրջ չեմ վերաբերվում. երգչուհին՝ Արեն Մկրտչյանի ու իր գրառման մասին
Общество«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ վերջերս կատարած գրառումը, որտեղ վերջինս անհարգալից ու ոչ կոռեկտ էր արտահայտվել շոուբիզնեսի ներկայացուցիչների մասին՝ «առանց ավելորդ թպրտալու կգնաք ու հարկերը կվճարեք»՝ դեռ շարունակում է հարուցել շոուբիզնեսի ներկայացուցիչների զայրույթը:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց երգչուհի Լուսինե Պողոսյանի հետ:
-Պատգամավոր Արեն Մկրտչյանը շոու բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում էր «առանց ավելորդ թպրտալու տանել ու հարկերը մուծել»: Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր մասնագիտական համայնքի նկատմամբ նման արտահայտվելաձևին:
-Բնականաբար, շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերի կարծիքն է բացասական այդ գրառման նկատմամբ, այդ գրառումը խոսում է ներկայիս կառավարության անգրագիտության ու անփորձության մասին, ավելի լավ կլինի այս թեմայով չխոսեմ, քանի որ դաստիարակությունս թույլ չի տալիս վիրավորական արտահայտություններով ձևակերպել մտածածս:
-Շոու բիզնեսյան ներկայացուցիչներ եղան, ովքեր պատգամավորից ներողություն պահանջեցին: Դուք կմիանա՞ք նրանց:
-Ես իմ կոլեգաների կողքին եմ և բնականաբար նրանց հետ եմ լինելու: Տեղյակ եմ իմ շատ մտերիմ գործընկեր՝ Սամվել Գրիգորյանի պահանջի մասին, որ հրապարակավ ներողություն է պահանջել տվյալ պատգամավորից, բայց ինձ համար դա այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ այդ պատգամավորին լուրջ չեմ վերաբերվում, հետևաբար ինձ նրա ներողությունը չի հետաքրքրում:
-Ի՞նչ եք կարծում, այդպիսի գրառման դրդապատճառը ո՞րն է:
-Ներողություն եմ խնդրում, բայց պետք է ասեմ՝ «աբիժնիկ» է: Իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են, որոնք նստած են Ազգային ժողովում, նրանցից ամեն ինչ սպասելի է: Ես ուղղակի ատում եմ այս կառավարությանը:
-Լուսինե, խնդիրն այն է, որ երգիչ երգչուհիները ևս պետք է հարկեր վճարեն, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնվի:
-Ես արդեն 10 տարի է, ինչ գրանցված աշխատում եմ ակումբային համակարգում և միշտ վճարում եմ հարկերը: Հետևաբար գրառումը, որը հասցեագրված է շոուբիզնեսի ներկայացուցիչներին, մեղմ ասած, ճիշտ չէ և անընդունելի է, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ազգ են ներկայանցնում, տարբեր երկրներում մշակույթ են ներկայացնում: Կարծում եմ՝ ներկայիս կառավարությունը պետք է հետևողական լիներ և չպետք է թույլ տար նման անհարիր արարք ու անընդունելի վերաբերմունք, ինչը չի եղել նախորդ կառավարության օրոք, որոնց ես հարգել և հարգում եմ:
Միակ բանը, որ ես ցանկանում եմ այն է, որ մեկս մյուսիս սատարենք և մեր երկիրը փրկենք նման աղետալի և կործանում տանող վիճակից:
Հիշեցնեք, որ հուլիսի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկ չվճարելու թեմայով, որը ստորև ներկայացնում ենք: