Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին
ՔաղաքականՀուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Վեհափառ Հայրապետը ողջունել է նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:
Նորին Սրբությունը նախարարին մաղթել է արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ: Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա է դարձել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների՝ ՀՀ արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումները: