Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետերի հանդիպումը
ПолитическиеՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Տիգրան Ավինյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող հարցեր և կարևորել են տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի գործունեության շուտափույթ մեկնարկը:
Նշվել է, որ նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և այս համատեքստում հատկապես կարևորվել է Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում կուտակած փորձը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը և այս ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերը ներառել հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում:
Ղրղզստանի փոխվարչապետն առաջարկել է նաև ակտիվացնել հարաբերությունները միջխորհրդարանական դիվանագիտության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղություններով: