Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ #AraratChallenge համաշխարհային շարժմանը (տեսանյութ)
ՀասարակությունԳործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միանալ #AraratChallenge նախաձեռնությանը:
Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ նշելով, որ արշավի և հանգանակության նպատակն է միջոցներ հավաքել ողջ աշխարհում տարրական հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց օգնելու համար:
«Սա իմ Արարատն է, երկրորդ հնարավորության խորհրդանիշը: Հնարավորություն, որ 100 տարի առաջ ստացել էր իմ պապը, երբ իրեն փրկեցին այլ մարդիկ: Հնարավորություն, որն ինձ կյանք է տվել միայն այն բանի շնորհիվ, որ ժամանակին ինչ-որ մեկը պատրաստ էր զոհել սեփական կյանքն անծանոթ մարդկանց համար: Այսօր ցանկանում եմ կոչ անել բոլորիս միանալու իմ կարծիքով շատ ինքնատիպ նախաձեռնությանը՝ #AraratChallenge մարդասիրական շարժմանը, որն օգնում է մարդկանց, որոնք այսօր նույն խնդիրների առաջ են կանգնած, ինչպես ժամանակին մեր հարազատները», - ասել է Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում:
Նա կոչ է արել նվիրաբերել թեկուզ ամսական մեկ դոլար կամ ցանկացած այլ գումար՝ աջակցելով #AraratChallenge-ին: