Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդես
Общество«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Գավառի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, մարզային ու քաղաքային գրադարանների համագործակցությամբ հուլիսի 20-ին Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսը:
Նախաձեռնության հեղինակ, «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լալա Մնեյանի խոսքով՝ միջոցառման նպատակն էր հանրությանը ծանոթացնել հայկական թաղիքագործության և, մասնավորապես, Գավառի տարածաշրջանի մոռացված ավանդույթներին ու ներկա զարգացումներին, նպաստել ավանդույթների տարածմանը, ազգային մշակութային արժեքները ճանաչելուն ևվերարժևորելուն, խթանել ժամանակակից դրսևորումները:
Տոնակատարությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային և քաղաքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, երաժշտական խմբեր:
Տարբեր տաղավարներում ցուցադրվեցին Գավառի ևհանրապետության այլ բնակավայրերի թաղիքագործության արհեստը ներկայացնող իրերի հավաքածուներ, հնչեցին թաղիքի պատրաստման վերաբերյալ ականատեսների պատմություններ, հեքիաթներ՝ Բայազետի բարբառով, ներկայացվեց թաղիքագործության ստեղծման պատմությունը, անցկացվեցին թաղիքե իրեր պատրաստելու վարպետության դասեր: Տոնահանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև «քեչա գցելու» (թաղիքից գորգ պատրաստելու) արարողությունը:
«Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսին ելույթ ունեցավ ազգային երգի ու պարի «Մասունք» խումբը: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Գավառ քաղաքում գործող ազգային պարի խմբերը և անհատ կատարողներ: Տոնախմբությունն ուղեկցվեց հյուրասիրությամբ և ցուցահանդես-վաճառքով:
«Հաջորդ տարիներին նախատեսում ենք կազմակերպել և անցկացնել այլ արհեստների օրեր, մասնավորապես՝ կարպետի, գորգի և այլն: Կարծում եմ, որ այսօրվա տոնահանդեսն ունեցավ նաև ուսուցողական նշանակություն»,- նշեց Լալա Մնեյանը: