Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն
Նյու Յորքում իր հարյուրամյա հոբելյանից 10 օր առաջ, 99 տարեկանում մահացել է ամերիկացի պետական գործիչ, իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն:
Օսմանյան Կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը Առաջին աշխարհամարտի տարիներին ակտիվորեն պայքարում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար եւ մի անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ-ը պետք է միանշանակ ճանաչի հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը:
«Իրենց պատմության ողջ ընթացքում հայերը մեծ քաջություն են ցուցաբերել՝ նվաճողներին ու զավթողներին դիմագրավելու համար՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի ինքնապաշտպանությունը և, իհարկե, Մուսա լեռան հայերի պատմական հերոսամարտը: Այդ ամենն արտահայտում են հպարտ, հոգով անպարտելի ժողովրդի վճռականությունը, որը մտադիր չէր հրաժարվել իր հավատից և անհատականությունից»: Ռոբերտ Մորգենթաուի ելույթից նման հատված է մեջբերվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:
Ռոբերտ Մորգենթաուն ծնվել է 1919 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքում: 1961-ին նախագահ Ջոն Քենեդին նրան նշանակել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնում: 1974-ին առաջին անգամ ընտրվել է Մանհեթենի շրջանային դատախազ: 2009-ին նա հայտարարել էր, որ այլև չի պայքարի 10-րդ անգամ այդ պաշտոնը զբաղեցնելու համար: