«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների արգելքը դատարանը վերացրեց
SocietyԸնդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին որոշում կայացրեց վերացնել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը:
«Նախորդ դատական նիստում պաշտպան Անի Գրիգորյանը ներկայացրել էր դիմում, ըստ էության, միջնորդություն՝ Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների արգելքը որոշ անձանց հետ վերացնելու վերաբերյալ»,- ասաց Մակյանը:
Դատավորի խոսքով, ճշտելը՝ տեսակցություն ցանկացող անձինք արդյո՞ք հարազատ են Բարսեղյանի հետ, ժամանակատար է դատարանի համար: Դատարանն առաջարկեց ընդհանրապես վերացնել տեսակցությունների արգելքը Բարսեղյանի համար: Պաշտպանական կողմը առաջարկեց վերացնել նաև Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը:
Դատարանը մեղադրանքի կողմից ճշտեց՝ արդյոք առարկություններ ունե՞ն: Մեղադրանքի կողմը չառարկեց, և դատարանը որոշում կայացրեց նրանց տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնել:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Վերջիններս չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։