Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է
ԱյլԱյսօր՝ օգոստոսի 1-ին, հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Եղիայի Մանսուրյանի ծննդյան օրն է:
Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մայրը։
Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թ. Բեյրութում։ 1947 թ. հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թ-ից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի:
Դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989 թվականին՝ ԱՄՆ-ում։
Մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում՝ ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։ Բնակվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար,
Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։ 2015 թ. Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: