Այլ կարգավորումներով էլ է հնարավոր լուծել Ստամբուլյան կոնվենցիայում արտահայտված խնդիրները. Արմեն Խաչատրյան
ПолитическиеԵս կարծում եմ, որ այլ կարգավորումների միջոցով էլ է հնարավոր լուծել խնդիրները, որոնք արտահայտվում են Ստամբուլյան կոնվենցիայում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։ Նա պատմեց, որ «Իմ քայլի» պատգամավորներն ամենօրյա շփումներ ունենալով հասարակության հետ՝ այսօրվա «Իմ քայլը» խմբակցության նիստին արտահայտել են են նաեւ այդ ժողովրդի մտահոգությունները․
«Մասնագիտական պարզաբանումներ ենք փորձել ստանալ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների վերաբերյալ, կոնվենցիայի նպատակահարմարության, դրանով հետագայում նախատեսվող իրավակարգավորումների վերաբերյալ։ Զուտ մասնագիտական քննարկում էր։ Եվ որպես իրավական փաստաթուղթ, կարծում եմ, որ մեկ օրվա քննարկումով չպետք է սահմանափակվենք»։
Նա ընդգծեց, որ քննարկմանը կարիք կար նաեւ լսելու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնագիտական դիրքորոշումը։
Խաչատրյանն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ինքն ունի իր պատկերացումները․ «Տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ եւ ընկալումներ կարող են ունենալ, ինչը նորմալ է։ Ես կարծում եմ, որ այլ կարգավորումների միջոցով էլ է հնարավոր լուծել խնդիրները, որոնք արտահայտվում են կոնվենցիայում»։
Նա հայտնեց, որ իրեն անհանգստացնում է կոնվենցիայի վերաբերյալ հասարակական ընկալումը․ «Չեմ թաքցնում, ես իմ ընտրողների հետ ամենօրյա հանդիպումների ժամանակ այդ մտահոգությունները ստանում եմ։ Բացասական կարծիքների մեծ մասը ես ստանում եմ կոնվենցիայի դրույթներին անծանոթ մարդկանցից։