Երբեք հեշտ չի եղել խաղալ ընկերոջ և հայրենակցի դեմ. Կարեն Խաչանով
ՍպորտԵրբեք հեշտ չի եղել խաղալ ընկերոջ հայրենակցի դեմ, ասել է Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչից առաջ։
Հայ մարզիկի մրցակիցը կլինի Ռուսաստանի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը։ Առաջին անգամ այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում կլինի ռուսաստանյան դիմակայություն։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին հաղթել էր 6։3, 6։3 հաշվով։ Մեդվեդևը 6։3, 6։1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին։
«Զվերևի դեմ տակտիկապես լավ հանդիպում անցկացրի, բայց նա իր լավագույն խաղը չցուցադրեց։
Մեդվեդևի հետ ընկերներ ենք, 12 կամ 14 տարեկանից բոլոր մրցաշարերին մասնակցել ենք միասին։ Գերազանց ենք ճանաչում իրար։ Մի կողմից դա բարդացնում է պայքարը, բայց երկուսս էլ գիտենք, ինչ սպասել և խաղում ենք բացարձակ տարբեր ոճերով։ Ակնկալում ենք հետաքրքիր պայքար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Խաչանով - Մեդվեդև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Կիսաեզրափակիչում է նաեւ իսպանացի Ռաֆայել Նադալը, որի մրցակիցը կլինի ֆրանսիացի Գաել Մոնֆիսի և իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի դիմակայության հաղթողը։