Սոնա Աղեկյանն ու Արարատ Խաչիկյանն ազատ են արձակվել
ՀասարակությունԵրևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիների, Սոնա Աղեկյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպել էր Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց և ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ Ոստիկանության բաժին հրավիրվեց նաև Արարատ Խաչիկյանը՝ պարզաբանումներ տալու նպատակով։
Նշենք, որ Երևանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքներ բողոքում են, որ զրկված են կոյուղագծից՝ Ռոստոմյան 91 հասցեում բնակվող 2 դատավորների պատճառով։