Հանքի շահագործումը կախված է լինելու միայն ժողովրդի դիրքորոշումից․ Նաիրա Զոհրաբյան
ՀասարակությունՀանքի շահագործումը կախված է լինելու միայն ժողովրդի դիրքորոշումից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին միացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Քանի դեռ ժողովուրդը դեմ է, Ամուլսարը չպետք է շահագործվի։ Իշխանությունը ժողովուրդն է, և նա է որոշելու։ Ժողովուրդը հիմա ասում է ոչ, ուրեմն Ամուլսարը չպետք է շահագործվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ զարմանում է, թե ինչու են ոստիկանները շղթայել Ազգային ժողովը։
«Ես կարծում եմ, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են, որովհետև այդ ինչպես եղավ, որ առաջ ԱԺ-ի այգին բացում էիք և ասում էիք՝ սա ձերն է, իսկ հիմա իրենցը չէ»։