Որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է. Մերի Գալստյան
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Էլարդ» կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. Լիդիան ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը: Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. Էլարդ ընկերությանը ներկայացված տեխնիկական առաջադրանքի պայմաններում (ToR) տրվել են հարցեր, որոնց Էլարդը չէր կարող և իրավունք էլ չուներ պատասխանելու, մասնավորապես` հանքի շահագործումը ազդելու է Սևանա լճի վրա, թե ոչ, ազդելու է Զերմուկի ջրերի վրա, թե ոչ, ազդելու է ջրային համակարգի վրա, թե ոչ:
Այս հարցերին հստակ պատասխան տալու համար Էլարդը պետք է նոր ՇՄԱԳ աներ, այլ ոչ թե արված ՇՄԱԳ-ը և մի շարք այլ փաստաթղթեր ուսումնասիրեր: Ըստ էության, Էլարդը կատարել է մեր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը` այն է ուսումնասիրել ՇՄԱԳ-ը, բացահայտել թերությունները և բացերը: Ինչն էլ կազմակերպությունն արել է և զեկույցի 1-3-րդ գլուխներում հստակ մատնանշել զգալի բացեր ու թերացումներ` թե ելակետային տվյալների և թե դրանց գնահատման մեթոդաբանական հիմքերի և շատ այլ կետերով, որոնք բերում են սխալ հաշվարկների, գնահատումների և անորոշությունների հանքի շահագործման ռիսկերի առումով: Կարդալով վերոնշյալ գլուխներն ամբողջությամբ`որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին հայտնել եմ վարչապետին «Իմ քայլը» խմբակցության հետ ունեցած հանդիպման ընթացքում և շարունակում եմ մնալ նույն կարծիքին»: