Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com
RightԱլեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն):
Հիշեցնենք, որ Կոստանտին Օրբելյանը դիմել էր իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել: Նա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով ոմն Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելով՝ տիրացել է այդ գումարին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրբելյանն ամեն կերպ փորձում է կատարվածը ուշադրության կենտրոնից հեռացնել: Մեր տեղեկություններով՝ նա անգամ գումարի չափը չի ցանկացել ոչ ոքի հայտնել՝ ասելով, որ այն իրականում 600 000 ԱՄՆ դոլար չէ:
ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից ՀԺ-ին հայտնել էին, որը վերը նշված գումարի թիվը ճիշտ է եւ Օրբելյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ խարդախության զոհ է դարձել։
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին: Օրբելյանն այդ մասին դիմում էր ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահին: Այնտեղից դիմումը փոխանցվել էր ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում էլ նյութեր էին նախապատրաստվում: