Բացահայտումներ չկան, ձեռքբերումներ՝ ևս. հեղափոխական մարզպետը թերանո՞ւմ է

Ինչպես գիտենք, Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թ. հոկտեմբերին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։ Մինչ թավշյա հեղափոխությունը՝ 2006 թ. դեկտեմբերի 8-ից Արմավիրի մարզը ղեկավարում էր ՀՀԿ անդամ Աշոտ Ղահրամանյանը: Մաթևոսյանը նշանակումից հետո ձեռնամուխ է եղել ոչ թե մարզի խնդիրների լուծմանը, այլ «նախկինների չիստկային»: Ավելին, վերջինս պարբերաբար հայտարարում էր, որ նախկին մարզպետի օրոք բազմաթիվ չարաշահումներ են գրանցվել, խոստանում էր դրանք ջրի երես հանել, սակայն այդ խոստումները այդպես էլ գրվեցին սառույցին: Իսկ ի՞նչ է հասցրել անել մարզպետը, իհարկե, նախկիններին հաթաթա տալուց զատ: Դիտարկենք Մարզի վիճակագրական տվյալները, որոնք ինքնին խոսուն են: 2018-ին Արմավիրի մարզում պակասել է մշտական բնակչության, կենսաթոշակառուների թիվը, աճել է գործազուրկների թիվը, գյուղատնտեսական բերքի ծավալները նույնպես կրճատվել են:
Նախկին համակարգի սկանդալային չարաշահումները և կոռուպցիոն գործարքները բացահայտելու փոխարեն մարզպետն ինքն է հաջողացնում հայտնվել նմանատիպ պատմությունների մեջ: Օրեր առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվել է հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էին գյուղմթերքի առևտուր կատարում, բայց հիմա այդ առևտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, և այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի: Ըստ որոշ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետևում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը:
Հատկանշական է, որ չնայած մարզում առկա բազմաթիվ խնդիրներին՝ Մաթևոսյանը հերթական անգամ առատաձեռն է գտնվել մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ և եռամսյա կտրվածքով պարգատրել է իր խորհրդականներին, օգնականներին և մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականին: Նշված անձինք պարգևատրվել են «հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Իսկ, թե ինչ հատուկ աշխատանքներ են կատարել, հանրությանն անհայտ է: Ուշագրավն այն է, որ մարզպետի երկու խորհրդականները՝ Վահե Դավթյանը և Նվեր Պետրոսյանը, պարգևատրվել են ամսական աշխատավարձի 100 %-ի չափով՝ 314.165 դրամ: 100 %-ի չափով են պարգևատրվել նաև մարզպետի օգնականներ Խաչիկ Ինջյանը և Արմինե Գալստյանը, համապատասխանաբար` 297.630 և 186.000 դրամ (Արմինե Գալստյանն աշխատում է մեկ դրույքից պակաս), իսկ փոխմարզպետի օգնականը՝ 80 %-ի չափով՝ 119.000 դրամ: Ահա այսպիսին են հեղափոխական մարզպետի գլխավոր ձեռքբերումները: