Ճոխ և անպտուղ. Նոր Հայաստանի պաշտոնյաների վոյաժները
АналитическийՀայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետի մակարդակով շատ է խոսվում յուրաքանչյուր լուման նպատակային ծախսելու անհրաժեշտության մասին: Այսպիսով, Փաշինյանի թիմը ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ իրենք «լափելու» համար չեն եկել և հարկատուների վճարած գումարները խնայելը այս կառավարության համար առաջնահերթությունների շարքին է դասվում: Այդպե՞ս է արդյոք դա: Դիտելով վերջին շրջանում մեր պաշտոնյաների տարատեսական գործուղումները և մոտավոր պատկերացնելով, թե որքան գումար է ծախսվել վերջինների վրա՝ կարելի է եզրակացնել, որ այս թիմը, ինչպես և նախկինները, չգիտի կամ էլ մոռացել է խնայողություն բառը:
Օրինակ, վերջրես 7-8 կիսադատարկ ավտոբուս է մեկնել Արցախ՝ տեղափոխելով Համահայկական խաղերի մասնակիցներին: Եվ որքան էլ զարմանալի չէ, երեկ փողոցներում ակցիաներ անող մեր մարզպետներն այնքան են հղփացել այս ընթացքում, որ այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց ե՛ւ գումար, ե՛ւ բենզին ստանալով: Մասնավորապես, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։
Հուլիսի 10-ին լրացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին: Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյանը շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի: Հարկատուները, իհարկե, այսչափ չէին սրտնեղի, եթե Ռևազյանի վոյաժները ունենային գեթ մեկ գործնական արդյունք: Սակայն պետք է արձանագրել, որ չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ, օրինակ, հուլիսի 17-ից 19-ը եղել է Իրանում, մասնակցել է Մասնակցություն Էլեկտրոնիկայի, համակարգիչների և էլեկտրոնային առևտրի թեմայով իրանական 25-րդ միջազգային ցուցահանդեսին: Գործուղման հաշվետվությունից պարզ է դառնում, որ նախարարը մեկնել էր իրանական կողմին ներկայացնելու նորաստեղծ նախարարության տեսլականը. մնում է հուսալ, որ իրանական կողմի համար այդ ծանոթությունը հետաքրքրաշարժ է եղել:
Ծովինար Գասպարյանը, ով զբաղեցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոստային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը, հուլիսի 8-ից 11-ը Մինսկում էր, մասնակցում էր հույժ կարևոր, անգամ ռազմավարական մի միջոցառման՝ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների համար համաշխարհային փոստային միության տարածաշրջանային ռազմավարական համաժողովին: Համաձայնեք, նման կարևորության միջոցառումներին չմասնակցելը աններելի մեղք է…
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը այդ օրերին նույնպես Մինսկում էր և բելոռուսական կողմի հետ քննարկում էր ավիացիայի բնագավառում համագործակցության հարցերը: Ինչպես երևում է, Տաթևիկ Ռևազյանի տիտանական ջանքերը բավարար չեն ոլորտում խնդիրները գլուխ բերելու համար, և Պապիկյանը ստիպված է եղել թողնել իր բուն պարտականությունները և նույնպես լծվել այս նվիրական գործին:
Սոցապ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հուլիսի 1-ից 5-ը գտնվում էր ՌԴ-ում: Այն որ սոցապ նախարարությունում շատերն են մոռացել ինչի համար ենք հավաքվել՝ ակնհայտ է շուտվանից, սակայն, որ նախարարի տեղակալին ավելի շատ հուզում է Թաթարստանի երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները՝ սա արդեն նորություն է: Իսկ Ուդումյանը 5 օր հենց այդ հարցն էր քննարկում, ձեռի հետ էլ ընթերցում էր ԱՄԿ աշխատանքի ապագայի հարցերով գլոբալ հանձնաժողովի զեկույցը: Իսկ եթե ավելի հստակ ասենք՝ Ուդումյանը 5 օր ՌԴ-ում «թիթեռնիկ էր նկարում» և ավելորդ չի լինի ասել, որ նախարարության աշխատակիցները լավ կանեն մեկ-մեկ էլ սեփական քաղաքացիների զբաղվածության հիմնախնդիրներով տապակվեն, դրանք բնավ պակաս չեն, քան Թաթարստանում…