Ներդրվում է ռազմական դրության ժամանակ առողջապահության միասնական կառավարման համակարգ
ПолитическиеԿառավարությունը հավանություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է:
Ըստ հիմնավորման՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:
«Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:
Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ և այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին»,- ասված է հիմնավորման մեջ: